ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է` այնտեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ․ նախարար

Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է` այնտեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ․ նախարար

Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր ելույթում:

«Ակադեմիական քաղաքը երևի թե ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է: Մեր նախնական պատկերացումներով այստեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ: Այսինքն՝ մենք խոսում ենք շատ մասշտաբային մի ծրագրի մասին»,-ասաց Անդրեասյանը:

Պետությունը պլանավորել է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից:

«Հայֆիլմի» տարածքում պլանավորում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում պլանավորում ենք տեխնոլոգիական կլաստերը: Ունենալու ենք նաև երրորդ կլաստերը»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը կարծում է, որ երրորդ կլաստեր կարող են տեղափոխվել նաև որոշ միջպետական բուհեր, որոշ միջազգային բուհեր: Քննարկվում է, որ այդ տարածքում կարողանան իրականացնել նաև ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով ժամանակացույցին՝ նախարարն ասաց. «Այս պահին ստեղծում ենք ծրագիրն իրականացնող կառույցը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Ես կարծում եմ, որ հիմնադրամի ստեղծումն օրերի հարց է, որն իր վրա կվերցնի բոլոր նախապատրաստական, իրականացման, նաև հետագա կառավարման աշխատանքների պլանավորումը»:

  • Կիսվել: