հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԻ նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության նոր ուղղությունները

ԱԻ նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության նոր ուղղությունները

Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝ լավ մեկնարկ: Նախարարը նշել է, որ այս փուլում խոսքը բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին է:

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝ պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավոր սեղմ ժամկերտներում ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011 թ. Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և դրա շրջանակում ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում:

Անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր՝ մասնավորապես, միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով:

  • Կիսվել: