երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԻ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչը քննարկել են ապաստարանների ստեղծմանն առնչվող հարցեր

ԱԻ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչը քննարկել են ապաստարանների ստեղծմանն առնչվող հարցեր

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովի հետ:
 
Հանդիպման սկզբում նախարարի տեղակալն ողջունել է Ա. Բուրկուտովի նախաձեռնությունը նշյալ հանդիպման կազմակերպման հարցում և շեշտել ԱԻ նախարարության պատրաստակամությունը համագործակցության բարելավման, նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում:
 
Նշելով ավելի վաղ համագործակցության ոլորտները՝ Ա.Բուրկուտովը ընդգծել է, որ այս հանդիպումը Հայաստանի Կառավարության հետ ակտիվ համագործակցության համատեքստում նոր հնարավորություն է մտքեր ու գաղափարներ փոխանակելու և տեխնիկական, փորձագիտական կամ անհրաժեշտ այլ տարբերակներով օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:
 
Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներին անդրադառնալով Ա.Բուրկուտովը նշել է, որ կազմակերպության առաքելության շրջանակում հիմնական ուղղությունը իրավիճակի և մարդկանց կարիքների գնահատումն է եղել, ինչն իրականացնելուց հետո կազմակերպությունը ցուցաբերել է պարենային և ոչ պարենային օգնություն: Մյուս ուղղությունը ենթադրում է տեղահանվածների իրավունքների պաշտպանություն:
 
Եվ հաջորդ ուղղությունը ապաստարանների և ճամբարների ստեղծումն է, դրանց ճիշտ համակարգմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ գերատեսչությունների, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայացել են կոորդինացիոն հանդիպումների միջոցով:
 
Ա. Բուրկուտովը նշել է, որ առաջիկայում ևս սպասվում են հանդիպումներ վերոհիշյալ մարզերի մարզպետարանների հետ՝ հասկանալու ապաստարանների կարիքների առումով ինչ աջակցություն է հնարավոր ցուցաբերել:
 
Անդրադառնալով արցախյան ներկայիս փախստականներին, և ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելել է, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին: Այս համատեքստում նշելով Կառավարության հիմնական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության կարևորության մասին՝ Ա.Բուրկուտովը ընդգծել է նախարարության արագ արձագանքման և պատրաստվածության պլանների ու ծրագրերի արդիականացման անհրաժեշտությունը և այս առումով հայտնել է պատրաստակամություն՝ բացահայտելու այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինեն տեղեկատվության փոխանակումը, համագործակությունն ու աջակցությունը նախարարությանը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մանդատի շրջանակներում արտակարգ իրավիճակների արձագանքմանը:
 
Դ. Համբարյանը խոսելով արտակարգ իրավիճակների պլանի մասին, ընդգծել է, որ այս հարցում շատ կարևորում է առաջիկայում ավելի կոնկրետ քննարկումներ ու համագործակցություն ունենալը՝ գործընթացին միաժամանակ փրկարար ծառայությանը և արտաքին կապերի ստորաբաժանմանն ընգրկելով:
 
Կարևորելով նաև արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորման հանգամանքը փոխնախարարը նշել է, որ ոլորտում շուտով կլինեն նոր զարգացումներ և հատկապես համագործակցության այս ձևաչափի համար,այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոնն ծառայությունը նույնպես ընգրկած է լինելու նոր նախարության կազմում: Դ. Համբարյանը նաև շեշտել է, որ համագործակցության շրջանակներում բոլոր պայմաավորվածությունների սահուն ընթացքը և զարգացումը կապահովի: Իսկ մինչ կառույցների միավորումը ռիսկերի նվազեցման և պաշտպանության ոլորտում նախարությունը տեսնում է համագործակցության բնականոն շարունակությունը, ինչպես նաև հնարավոր այլ ուղղությունների ուղենշումը:
 
Ա.Բուրկուտովը չափազանց կարևորել է Դ.Համբարյանի նշած մի քանի կետեր, որոնք վերաբերում էին արդյունավետ համագործակցության համար տեղեկատվության փոխանակմանը, նոր նախարարության ձևավորումից հետո արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունների ընթացքի սահուն ապահովմանը: Այս համատեքստում Ա.Բուրկուտովը ողջունել է նոր կառույցի ստեղծման գաղափարը և շեշտել է, որ իրենց համար ևս շատ կարևոր է սահուն անցում կատարելը, և որ համագործակցությունը զարգացնելու և ոչ նորից վերագործարկելու համար կփորձեն ամուր կապեր պահպանել փոխնախարարի հետ:
 
Առաջիկա համագործակցության ուղղություններից ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով՝ Դ.Համբարյանը հավելել է, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում երկու ապաստարանների նախագծերը, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: Ուստի նախարարությունը փորձում է ավելի համակարգված մոտեցում ցուցաբերել այս գործընթացներին: Կիսվելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և տարբեր ոլորտներում նոր հնարավոր ուղղությունների բացահայտման մասին մտադրություններով՝ Դ. Համբարյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա բացահայտել միմյանց ներուժն ու կարիքները, համագործակցության նոր ոլորտները, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ արտակարգ իրավիճակներում ավելի համակարգված աշխատանք իրականացնելու համար:
 
Դ.Համբարյանը նշել է, որ հանդիպումը շատ կարևոր սկիզբ է համագործակցության բարելավման համար, ինչն իր հերթին շատ կարևոր է նախարարության համար:
Ա. Բուրկուտովը մեծ ոգևորությամբ ընդունելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հայտնել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրենք ևս քննարկումներ կսկսեն: Նա նշել է, որ գրասենյակը այլ մարդասիրական գործակալությունների հետ սերտ կապերի մեջ է և նրանց ևս ընդգրկելու և նոր համագործակցային դաշտի ստեղծմանը նպաստելու համար ոգևորությամբ կզեկուցի հանդիպման մասին:
 
Գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով պատասխանատու Տ. Բադալյանը նշել է, որ հաջորդ տարում կարողությունների զարգացմանն ուղղված ավելի շատ միջոցառումներ են նախատեսվում և հաշվի առնելով նախարության ներկա ծրագրերն ու մտադրությունները պատրաստ են և կարող են առաջիկայում այդ միջոցառումների շուրջ ևս համագործակցել: Ուստի հնարավոր է այդ միջոցումներն ու ծրագրերը կազմելիս հաշվի առնվեն նախարարության, հատկապես արդեն նորաստեղծ կառույցի կարիքները՝ առաջնահերթություն կրող ծրագրերի շրջանակում: Այս համատեքստում Տ. Բադալյանը շեշտել է նաև օրենսդրական դաշտը, որը կվերականգնի և ավելի մեծ հիմքեր կստեղծի կառույցների հետագա համագործակցության համար: Եվ այս առումով, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնում՝ տրամադրելու փորձաքննություն, մշակված նոր ծրագրեր և օրենսդրական ակտեր:
 
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության նոր մեկնարկի և արդյունավետ հանդիպման համար՝ առաջիկայում ակտիվ համագործակցություն ծավալելու ակնկալիքով:

  • Կիսվել: