հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լարված իրավիճակ Վարդենիսում. բնակիչները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը

Լարված իրավիճակ Վարդենիսում. բնակիչները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը

Վարդենիսի ավագանու ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները փակել են Վարդենիս-Մարտունի ճանապարհը:

Ճանապարհը փակած քաղաքացիները պնդում են, որ Վարդենիսի նորընտիր քաղաքապետը չի կարողանում իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, քանի որ տարբեր մարդիկ խոչընդոտներ են ստեղծում նրա աշխատանքի համար: Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները պահանջում են, որպեսզի այդ խոչընդոտները վերացվեն և իրենց ընտրած թեկնածուն անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Մինչ այդ տեղի էր ունեցել Վարդենիսի ավագանու նիստը, որին չէին ներկայացել ավագանու ՔՊ-ական անդամները:

Այս պահին Մարտունի–Վարդենիս ճանապարհատվածին լարված իրավիճակ է, ծառայություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ, տեղում է նաև մարզային ոստիկանապետը։ Փորձում են բանակցել, որպեսզի քաղաքացիները բացեն ճանապարհը, վերջիներս էլ հիշեցնում են, որ ժամանակին այդպես պայքարել է Նիկոլ Փաշինյանը։

 

Այս պահին երթևեկությունը նշված ճանապարհահատվածում դադարեցված է։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և ավագանին քաղաքապետ էր ընտրել։ ՔՊ-ն դիմել է Վարչական դատարան՝ ավագանու ընտրությունը չեղյալ համարելու պահանջով։

  • Կիսվել: