Աղետի հետևանքները շատ ծանր են, վնասի չափը հսկայական է. Սանոսյան (տեսանյութ)
Այսօր Ալավերդիում կայացած ասուլիսի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված բնակավայրերում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Նա, մասնավորապես, ասաց, որ աղետի հետևանքները շատ ծանր են, վնասի չափը հսկայական է. «Մեզանից շատ ժամանակ ու ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջվելու հետևանքները վերացնելու համար»։
Նախարարի խոսքով՝ ամենաշատ ավերածությունները եղել են Ալավերդի քաղաքում և Ալավերդիից գետի հունով դեպի Բագրատաշեն տանող հատվածներում։
«Ալավերդիում հատկապես երկու հատված, մի շարք շենք-շինություններ, նաև առևտրի գոտիներ կիսով չափ կամ ամբողջովին հայտնվել էին ջրի տակ։ Եվ, իհարկե, անելիքներից գլխավորը եղել է այդ տեղերից մարդկանց տարհանելը։ Մեր փրկարարները տարբեր հատվածներից տարհանել են մոտ 430 մարդու։ Ամենամեծ տարհանումը իրականացվել է Քարկոփ գյուղում։ Գյուղն ամբողջությամբ տարհանվել է։ Միայն այսօր ենք մենք կարողացել այս գյուղում աշխատանք սկսել, նախորդ օրերին դա հնարավոր չէր»,-ասաց Սանոսյանը։
Նա հայտնեց, որ այս օրերին փորձել են հրատապ աշխատանքներ իրականացնել բոլոր ուղղություններով, հատկապես մեծածավալ աշխատանքներ են տարվել միջպետական ճանապարհները շահագործելի դարձնելու համար։
Գնել Սանոսյանը նաև նշեց, որ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում միջպետական ճանապարհների մի շարք հատվածներ հնարավոր է եղել շահագործելի դարձնել։ «Տարբեր աշխատանքներում 60-ից ավելի շինարարական տեխնիկա է ընդգրկված։ Հարյուրավոր մեքենաներով խոշոր չափերի քարեր և այլ նյութեր լցնելու եղանակով փորձում ենք պայքարել գետի վարարման դեմ և շատ հատվածներում դա մեզ հաջողվել է»,- մանրամասնեց նախարարը։
Ըստ նախարարի՝ կամուրջների վնասման հետևանքով 7 համայնք կա, որոնք մասնակիորեն կտրված են Ալավերդի քաղաքից։ «Մենք այդ մասով աշխատանքներ ենք տանում։ Դաշտային ճանապարհով մատակարարումներ են իրականացվում։ Այս պահին աշխատանք ենք տանում, որպեսզի Ախթալայի վնասված կամրջի որոշ հատվածներ օգտագործելու եղանակով հետիոտնային կամուրջ ստանանք, որպեսզի մատակարարումներն այդ եղանակով իրականացվեն։ Դա զգալիորեն կհեշտացնի մատակարարումների իրականացումը»,- ներկայացրեց նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ եղել են ջրամատակարարման, գազամատակարարման, էներգետիկ համակարգի, ինտերնետ և բջջային կապի խնդիրներ։ Նա նաև վստահեցրեց, որ այդ խնդիրների մեծ մասն այս պահին վերացրել են: