շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում

Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում

Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով՝ ըստ էության արգելափակելով անկախ փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Դատապարտելի է նաև, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը՝ ի թիվս այլ գործողությունների, նրանց ենթարկելով արհեստական դատավարությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի, իր սեփական պարտավորվածությունների կոպիտ խախտումով և միջազգային հանրության կոչերին հակառակ։

  • Կիսվել: