երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով

Կառավարության որոշմամբ,  1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 112 ընտանիք կապահովվի բնակարանով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գործադիրի այսօրվա նիստում նշեց, որ Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում կլուծեն Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը:

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամ:

Նա հիշեցրեց, որ 2019-ին, առաջին փուլում 1,5 մլրդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար, իսկ այս փուլում խոսքը 185 ընտանիքների մասին է:

Նախարարի խոսքով, գործընթացի արդյունքում պարզ է դարձել, կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկարատև գործընթաց է, հետևաբար առաջարկում են սահմանել, որ բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կարող են ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար են տալիս ամեն ընտանիքի: Սուրեն Պապիկյանն ասաց, որ  դա կախված է ընտանիքի մեծությունից եւ այլ չափանիշներից. «Ամեն դեպքում դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»:

«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել»,-նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պարտադիր պայման պիտի լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:

«Այնպես չլինի, որ տնակների պատմությանը հանդիպենք, երբ ընտանիքը բնակարան է ստանում, բայց նախընտրում է իր տիրապետության տակ պահել նաև ժամանակավոր կացարանը: Այսպիսի դեպքերը պետք է բացառել», - ասաց վարչապետը։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ անհրաժեշտ իրավական կարգավորումները կան, պետք է միայն հետևել դրանց:

«Այս մարդիկ 1988 թվականից մինչև օրս բռնագաղթի հետևանքով տարբեր տեղերում են բնակվել, սեփական տանիք չունեն և նման որոշում Երևան քաղաքի համար նախկինում չի եղել»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: