ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին

Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին

"Ապավեն" ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հաշվարկել է, թե ինչ վնաս են տալիս ադրբեջանական գանձումները ՀՀ տնտեսությանը։ Գործարարն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը։
 
Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն այսօր էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին։
 
Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ–ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը 160 000 եվրո է վճարել։
 

«Ինձ զեկուցեցին ընդամենը 2 ժամ առաջ,– ասաց Աղաջանյանը, – հետևից եկել են 2 «Jeep»-ով, ասել են` մենք քեզ կանգնեցնում էինք, ինչո՞ւ չես կանգնել։ Վարորդն ասել է` ինձ ոչ ոք չի կանգնեցրել։ Ահաբեկել են, հետո ասել են` քշի գնա, մյուս անգամ որ չենթարկվես, կկրակենք»։

«Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասաց ընկերության տնօրենը։
 
Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան մտնող բեռներին, Գագիկ Աղաջանյանն առաջարկում է դրանք բեռնաթափել Մեղրիի մաքսատանն ու այնտեղից հայկական փոխադրողների փոքր չափի բեռնատարներով Տաթևի ճանապարհով հասցնել Երևան։
«Ես հասկանում եմ, որ դա ծախսատար է, բայց այդ ծախսը տրվելու է մեր ավտոփոխադրողներին և ոչ թե ադրբեջանցի, այսպես կոչված, ռեկետյորներին։ Իրանցիներն էլ իրենց հերթին ավելի պակաս գանձում կանեն, քանի որ բեռնաթափումը տեղի է ունենալու Մեղրիում, ոչ թե Երևանում»,– ասաց նա։
 
Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Գորիս–Կապան ճանապարհին, Գագիկ Աղաջանյանի հաշվարկով, միայն զուտ տնտեսական առումով Հայաստանի տարածքում միջազգային բեռնափոխադրումների գինը 1 տոննայի համար թանկացնում է 13 դոլարով։
 
«Մի ուղղությամբ անցնելու դեպքում` 130 ԱՄՆ դոլար, վերադարձը` ևս 130, այսինքն միասին` 260։ Հաշվի առնելով, որ միջազգային փոխադրումներ իրականացնող մեքենաների հիմնական մասը փոխադրում է մոտավորապես 20 տոննա բեռ, 1 տոննայի փոխադրումը միայն Հայաստանի տարածքում 13 դոլարով թանկանում է։ Դա ահռելի մեծ թիվ է»,– ասաց նա։
 
Խնդրի լուծման համար Աղաջանյանն առաջարկում է պետական մակարդակով ընդհանրապես հրաժարվել այդ ճանապարհից, առավել ևս, որ իշխանությունն արդեն հայտարարել է, որ դա Ադրբեջանի տարածքն է։
 
«Հրաժարվեք այդ ճանապարհից, ինչո՞ւ եք օգտվում Ադրբեջանի տարածքից։ Կամ ասեք, որ դա Ադրբեջան չէ, այդ դեպքում բարի եղեք, ապահովեք մեր անվտանգությունը»,– ասաց Գագիկ Աղաջանյանը։
 
Հիշեցնենք` Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները:
 
Նրանք իրանցի վարորդներից 130 դոլար գումար են գանձում «Ադրբեջանի տարածքով» անցնելու համար:

  • Կիսվել: