Աբսուրդ է, խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, նախարարը՝ 1,5 մլն դրամ. Մարուքյան
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ վերջին ամիսներին բացի աշխատավարձից նաև պարգևավճար է ստացել, սակայն նա չասաց, թե որքան է այն կազմելով՝ նշելով, որ գրավոր կպատասխանի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է աբսուրդ մի վիճակում, երբ ԱԺ խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ իրենց նշանակած նախարարը՝ 1,5 մլն դրամ. «Սա այն աբսուրդն է, որ օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է: Սա լուրջ համակարգային խնդիր է, խորհրդարանին շրջանցելու արդյունքում է սա տեղի ունեցել»։
Մարուքյանը նշեց, որ իրենք առաջարկում էին՝ բյուջեով նախատեսված 30 տոկոս պարգևավճարի չափով բոլորի աշխատավարձը բարձրանա, որ որևէ ղեկավար ընտրություն չունենա՝ մեկին տա, մեկին՝ չտա: