ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱԾ տնօրենը պարգեւատրել է պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին

ԱԱԾ տնօրենը պարգեւատրել է պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին

ՀՀ ազգային անվտանգության  ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: Ընդունելությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվությունից։

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի,  Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման եւ Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ:

 ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձինք, ովքեր պարգեւել են մեզ այդ փառավոր հաղթանակները:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին ուղղված իր շնորհավորական խոսքում Է. Մարտիրոսյանն ասել է. «75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով եւ նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռեւս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության եւ դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, ԱԱԾ տնօրենը դրամական պարգեւով պարգեւատրեց պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ՝ Պետրոս Պետրոսյանին եւ Ալբերտ Հակոբջանյանին:

  • Կիսվել: