56 եվրո 48 ցենտով Երևանից Միլան, և հակառակը. 2020-ից սա հնարավոր է
Երեւանից դեպի Միլան, Հռոմ, Բեռլին եւ հետադարձ ուղղություններով չվերթների ավիատոմսերն արդեն հասանելի են իռլանդական «Ryanair» ավիաընկերության կայքում:
Գները նույնպես հրապարակված են:
Այսպես՝ 2020 թ. հունվարի 14-ին Երեւանից Միլան մեկնելու եւ 21-ին վերադարձի տոմսերն ընդհանուր առմամբ արժեն 56 եվրո 48 ցենտ: Այս երկու ուղղություններից յուրաքանչյուրի դեպքում տոմսի արժեքը 28 եվրո 24 ցենտ է:
Կամ, օրինակ, Երեւան-Հռոմ հետադարձով չվերթի արժեքը հունվարի 14-ին մեկնելու եւ փետրվարի 1-ին վերադառնալու դեպքում 56 եվրո 48 ցենտ է: Մեկ ուղղության տոմսն արժե 28 եվրո 24 ցենտ:
Բեռլինի դեպքում, օրինակ, մարտի 31-ին մեկնելու եւ ապրիլի 4-ին վերադառնալու համար մեկ ուղղության տոմսի արժեքը 40 եվրո 99 ցենտ է, իսկ հետադարձով՝ 81 եվրո 98 ցենտ:
Նշենք, որ Եվրոպայի՝ ամենամատչելի տոմսեր առաջարկող ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թ. հունվարից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից՝ Գյումր-Մյունխեն: