չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
30 մլն դրամի վնասի պատճառմամբ կոռուպցիոն չարաշահումներ Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցում

30 մլն դրամի վնասի պատճառմամբ կոռուպցիոն չարաշահումներ Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցում

Շիրակի մարզում շարունակվում են մարզի ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված ակտիվ աշխատանքները:

Մասնավորապես 2019թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նույն բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2009-2019թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ տնօրենի հրամանագրերով 4 անձ, այդ թվում նաև նրա կինը, աշխատանքի է ընդունել որպես հավաքարար, իսկ որդին և մեկ այլ անձ ընդունվել են մարզիչի հաստիքին: Վերջիններս, սակայն, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Այդ պայմաններում, մարզադպրոցի տնօրենի կողմից յուրաքանչյուր ամիս ստորագրվել և հաստատվել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել նշված անձնաց կողմից կանոնավոր աշխատանքի այցելելու մասին: Ապա կեղծ տեղեկագրերի հիման վրա որպես վերջիններիս հասանելիք աշխատավարձ և արձակուրդային վճարումներ, ելքագրվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 30մլն դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՕԱԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

  • Կիսվել: