ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
2028-ին ամբողջ բնակչությունը պետք է դառնա առողջության ապահովագրության շահառու. Ավանեսյան

2028-ին ամբողջ բնակչությունը պետք է դառնա առողջության ապահովագրության շահառու. Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումն իրականացվելու է երեք տարվա ընթացքում: Այսինքն՝ 2028 թվականին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու, բայց մինչ այդ մենք, տարեցտարի ավելացնելով ապահովագրավճարների շրջանակը, անցում կկատարենք պետպատվերից դեպի ապահովագրություն: Այդ մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ 2026-ին պետպատվերը՝ որպես միջոցառում, արտահայտված է պետական բյուջեում, և բոլոր այն խմբերը, որոնք առաջին կամ երկրորդ տարում դեռ չեն ներառվելու ապահովագրության մեջ, ըստ նախարարի՝ կշարունակեն օգտվել պետական պատվերի իրենց ծառայությունների շրջանակից:

«2026-ից առաջին փուլով պետական բյուջեի միջոցներով ներառվող խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական անապահովության՝ 28 միավորից ավելի ունեցող ընտանիքները ևս ներառվելու են ապահովագրության շրջանակներում:

Սա է պետության քաղաքականությունը՝ առաջնահերթ լուծելու մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց և այս խոցելի խմբերի ապահովագրական խնդիրը»,-նշեց նախարարը:

Նա նաև հիշեցրեց, որ առաջին փուլով կներառվեն նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք:

 

  • Կիսվել: