2026-ին առողջապահության նախարարության համար նախատեսել ենք 44 մլրդ 313 մլն դրամով ավելի հատկացնել, քան այս տարի. Ավանեսյան
2026-ին առողջապահության նախարարության համար նախատեսել ենք 44 մլրդ 313 մլն դրամով ավելի հատկացնել, քան 2025 թվականին էր: Բյուջեն 2026-ին կկազմի 210 մլրդ 911 մլն դրամ: Այս մասին այսօր, առողջապահության նախարարության բյուջետային հատկացումները ներկայացնելիս, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հավհաննիսյանը
Նա, մասնավորապես, նշեց. «Ամենամեծ ավելացումներն ունենք առողջապահության նախարարության գծով, որը պայմանավորված է հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հանգամանքով»:
Ֆինանսների նախարար հավելեց, որ ռեֆորմների հետ կապված ամենամեծ ներդրումն այստեղ է իրականացվում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անդրադարձավ 2026 թվականի հատկացումներին և ասաց, որ 2026 թվականի բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է:
«Ես, իսկապես, շատ մեծ ուրախությամբ և հպարտությամբ եմ այսօր ներկայացնում, որ մեր Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական հիմնական խոստումներից մեկը, որը տեղ է գտել Կառավարության ծրագրի մեջ, ըստ էության, դրա իրացման ֆինանսական հատվածի առաջին հաստատումն իրականացրել է»,-նշեց նա:
Ըստ Ավանեսյանի՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին փաթեթըվերջնական որոշումների, նաև այսօրվա հաստատվելիք բյուջեի շրջանակներում վերջին շտկումների փուլում է, և առաջիկա օրերին այն կուղակվի Կառավարության դիտարկմանը:
«Մեր նպատակն է, որ մինչև տարվա վերջ օրենքն ընդունենք, որպեսզի հաջորդիվ՝ 2026 թվականից, կարողանանք առաջին, մեկնարկային փուլը սկսել»,-նշեց նախարարը:


