շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2022 թ. պետպատվերով հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության և սպասարկման դեպքերի թիվն աճել է. Ավանեսյան

2022 թ. պետպատվերով հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության և սպասարկման դեպքերի թիվն աճել է. Ավանեսյան

2022 թվականին մենք շարունակել ենք առերեսվել համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրներին: Այս համատեքստում աշխատանքներ են իրականացվել պատշաճ կազմակերպելու բուժօգնությունը: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

2022 թվականին շրջանառության մեջ են դրվել ոլորտի հնգամյա ռազմավարությունը և Համապարփակ առողջապահական ապահովագրության հայեցակարգը, որոնք ընդունվել են 2023 թվականի հունվարին: Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: «Հաստատվել են նաև Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը, դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների պլանը»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների ծավալին` զեկուցողը տեղեկացրել է. «2022 թվականին պետպատվերի շրջանակում հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության և սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864` 2018 թվականի համեմատ աճելով 125 տոկոսով»: Ըստ Անահիտ Ավանեսյանի` դա ցույց է տալիս Կառավարության` առողջապահության բնագավառին հատկացվող միջոցները տարեցտարի ավելացնելու հանձնառությունը:

Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, համակարգում նոր ծառայությունների իրականացումը: 2022 թվականին մեկնարկել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի շնորհիվ իրականացվել է 2096 հետազոտություն: 2022 թվականին մարզերում ընթացել են 13 բժշկական հաստատության շինարարական աշխատանքներ: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են զեկույցին, նորանուն դեղերի գրանցմանը, 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց մատուցված ծառայություններին, պատվաստումների իրականացման անհրաժեշտությանը և այլն:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարևորել է հաշվետու ժամանակահատվածում մարզերում բժշկական հաստատությունների կառուցման, վերակառուցման և վերազինման աշխատանքների իրականացումը: «Սա չափազանց կարևոր է և ուղղված է բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու առողջապահական համակարգի հավասար զարգացմանը»,- ընդգծել է պատգամավորը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

  • Կիսվել: