ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2020-ին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքերը նվազել են. ԱՆ

2020-ին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքերը նվազել են. ԱՆ

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ:
 
Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 44.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 64.9%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 35.1%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:
 
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ-ն հորդորում է.
 
• թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
• լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
• չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
• պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում:
• դեղորայքը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս,
• յուրաքանչյուր օգտագործումից հետո հավաքել և պահել դեղորայքը,
• դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
• ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
• ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
• առանց բժշկի խորհրդատվության` դեղամիջոցները չզուգակցել,
• հետևել դեղորայքի պահպանման կանոններին:

  • Կիսվել: