2020-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 207 դիմում. Արմեն Ղազարյան
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանից, թե քանի հոգի են օտարերկրյա պետություններից ապօրինի հատել ՀՀ տարածքը և այստեղ ապաստան խնդրել:
«Ունե՞ք նաև ամփոփ տվյալներ թե քանի մարդ է 2021-2020 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից, որպեսզի հասկանանք, թե այդ խոսակցությունները, որ Հայաստանը դատարկվում է՝ թվային լեզվով Հայաստանը դատարկվո՞ւմ է՝ ինչ տեմպերով, ինչ թվերով և ուր ենք հասնելու»,- հարցրեց պատգամավորը:
Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, վերջին թվի մեջ վերջին երեք տարվա ընթացքում ապօրինի սահմանահատում, օտարերկրյա պետությունների կողմից հետախուզում և Հայաստանի տարածքում քրեական հետապնդման ենթարկվող գործերի 14-15 տոկոսն են կազմում: «2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,-հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանից անվերադարձ մեկնողներին, ապա ծառայության պետը նշեց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում ուղղակի նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:
«Սահմանահատումների տարբերությամբ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է դրական միտում՝ 2018 թվականին մուտքերի քանակն ավելի է եղել ելքերի քանակից՝ 15 հազարից, 2019 թվականին՝ 10 հազարից, 2020 թվականին՝ 12 հազարից ավելի, սակայն դրանցից լայն հետևություններ անել չենք կարող: Այստեղ բարդություն է առաջացնում «անվերադարձ» բառը, անձը, երբ դուրս է գալիս, կարող է արձանագրվել, իսկ թե անվերադարձ է, թե՝ ոչ, դա հնարավոր է պարզել հետագայում մարդահամարի և հաշվառումների տվյալների վրա»,-ասաց նա: