երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
110-ի փոխարեն շուրջ 220 երեխա ընդունելու հնարավորություն. հիմնանորոգվում է Երևանի համար 105 մանկապարտեզը

110-ի փոխարեն շուրջ 220 երեխա ընդունելու հնարավորություն. հիմնանորոգվում է Երևանի համար 105 մանկապարտեզը

Երևանի համար 105 մանկապարտեզը հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո 110-ի փոխարեն հնարավորություն կունենա ընդունելու շուրջ 220 երեխայի: Նախագծի շրջանակում ավելացվել են խմբասենյակները, և 4-ի փոխարեն կձևավորվի 8 խումբ:
 
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
 
Տարածքների ընդլայնումն ու արդյունավետ օգտագործումը կիրառվում է հիմնանորոգվող գրեթե բոլոր մանկապարտեզներում, ինչն ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն է տալիս: 
 
2023 թվականից մեկնարկած շինարարության ընթացքում 105 մանկապարտեզում հայտնաբերվել են որոշ թերություններ, ինչի պատճառով Երևանի քաղաքապետարանի կողմից դրանք չեն ընդունվել: Շինարարը պարտավորվել է ամբողջությամբ վերացնել թերությունները. աշխատանքներն ընթացքի մեջ են: 
 
Մանկապարտեզի հիմնանորոգման նախագծով նախատեսված է նաև բակի բարեկարգում: Այս աշխատանքները կիրականացվեն տարածքով անցնող կոյուղատարի խնդիրը լուծելուց հետո: Բանն այն է, որ հարակից շենքերի կոյուղատար համակարգը ժամանակին անցկացվել է հենց մանկապարտեզի տարածքով, ինչը  քայքայված լինելու պատճառով այժմ խնդիրներ է առաջացրել:
 
Հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու մանկապարտեզն օր առաջ շահագործման հանձնելու կարևորությունը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է ոչ միայն կոյուղատար ցանցի տեղափոխումը, այլև հարակից 15 բազմաբնակարան շենքերն սպասարկող կոյուղատար համակարգի ամբողջական փոխարինումը:  
 
Երևանի համար 105 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրագործող ընկերությանն, ի դեպ, կատարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ կվճարի միայն վերջնական աշխատանքներն ընդունելուց հետո:

  • Կիսվել: