հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, 2-րդ վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: