ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
1,5 տարվա ընթացքում պրոցեսը 19 տարով հետ ենք տարել. Փաշինյան

1,5 տարվա ընթացքում պրոցեսը 19 տարով հետ ենք տարել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայացրած որոշմանը։ Այսպիսով,   նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Ըստ վարչապետի, սա արդեն թվով երրորդ նման որոշումն է, որ գործողության ժամկետի առումով հետ են գնում և արդեն հասել են 1998 թվականին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ,  հիմա հունվարից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից կստանա ամսական 240 հազար հավելյալ գումար. «Այսինքն՝ 300 հազար դրամ»։ Նրա խոսքով՝ կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվելու։  

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ սկսեցին այս հետ գնալու գործընթացը, ամեն անգամ հասկանալի պատճառներով ինչ-որ կետի վրա կանգնում էին։ «Ցավոք սրտի, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում: Համոզված եմ՝ ժամանակավոր: Իմ կոչն է ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ մենք այս 1,5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել: Սա բավականին բարդ աշխատանքային պրոցես է, որպեսզի այդ որոշումներն իրականություն դառնան»,- ընդգծեց նա։

Նա նաև հայտնեց, որ  հաշվարկները շարունակվում են և կառավարության գերնպատակն է այս գործընթացը հետ տանել մինչև Հայաստանի անկախության մեկնարկը. «Խնդրում եմ մեր հայրենակիցներից համբերություն, որ առավել հանդարտ պայմաններում կարողանանք այս աշխատանքը կատարել»։  

  • Կիսվել: