ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ժողովուրդ». ՍԴ-ում բարձիթողի վիճակ է. փաստացի ո'չ նախագահ կա, ո'չ նախագահի պաշտոնակատար

«Ժողովուրդ». ՍԴ-ում բարձիթողի վիճակ է. փաստացի ո'չ նախագահ կա, ո'չ նախագահի պաշտոնակատար

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է: Այլ կերպ ասած, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալուց հետո կառույցում բարձիթողի վիճակ է ստեղծվել, եւ այդպես էլ անհասկանալի է, թե ի վերջո այժմ ով ինչ աշխատանք է կատարում:

Նախ՝ ինչպես հայտնի է, Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլեւս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, իսկ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են:

Միեւնույն ժամանակ, հունիսի 26-ին Հրայր Թովմասյանը մեկնեց արձակուրդ՝ դեռ որպես ՍԴ նախագահ, եւ իր որոշմամբ նախագահի պարտականությունները պետք է կատարեր Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները, ինչպես նշեցինք, դադարեցվել են:

Դրան զուգահեռ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հունիսի 27-ին հանդիպեց Աշոտ Խաչատրյանին, ով ՍԴ-ում մնացած դատավորներից ամենաավագն է, եւ ինքը պետք է կատարի ՍԴ նախագահի պարտականությունները: Եվ ստացվում է, որ այժմ Սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 4-ն են աշխատանքի հաճախում, քանի որ Արեւիկ Պետրոսյանն էլ Հրայր Թովմասյանի հետ նույն օրն էր արձակուրդ գնացել:

Եվ այս իրավիճակում Սահմանադրական դատարանն այդպես էլ չի կարողանում նիստեր անել, որոշումներ կայացնել, այլ կերպ ասած, կառույցում բարձիթողի վիճակ է:

ArmLur.am-ը փորձեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հասկանալ՝ ինչ իրավիճակ է Սահմանադրական դատարանում: Նախ՝ նա նշեց, թե Հրայր Թովմասյանը օգտագործելու է իր տարեկան արձակուրդը, որը կազմում է 30 օր, սակայն ունի նաեւ չօգտագործված օրեր եւ կարող է ավելի երկար արձակուրդում մնալ:

ՍԴ աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ Աշոտ Խաչատրյանն ասել է, որ չի ստանձնի իր պարտականությունները, քանի դեռ օրենքում փոփոխություններ չեն արվել:

Այստեղ էլ ընդգծենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրել, եւ այն ուժի մեջ կարող է մտնել արդեն հուլիսի 22-ից հետո, երբ օրենքով Արմեն Սարգսյանին ստորագրելու համար տրված ժամկետը կավարտվի:

Արդեն այդ ժամկետի ավարտից հետո՝ արդեն հինգօրյա ընթացքում, օրենքը կարող է ստորագրել ԱԺ նախագահը, եւ այն կմտնի ուժի մեջ: Ստացվում է՝ Սահմանադրական դատարանը փաստացի ո’չ նախագահ ունի, ո’չ նախագահի պարտականությունները կատարող անձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: