ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ»․ Ալիկ Սարգսյանին այսօր կանչել են ՀՔԾ. ինչ է սպասվում

«Ժողովուրդ»․ Ալիկ Սարգսյանին այսօր կանչել են ՀՔԾ. ինչ է սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն եւ այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել եւ որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Ասել է թե՝ առաջիկայում պարզ կլինի՝ Ալիկ Սարգսյանի մասով ինչ քայլերի կգնա Հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 17-ին գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»:

Բանն այն է, որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից եւ հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, եւ դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանը այսօր էլ հրավիրվի ՀՔԾ, իսկ թե այդ հանդիպման արդյունքում ինչ կլինի, սպասենք զարգացումներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: