շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ 1264 անձինք հետապնդման են ենթարկվել. գերակշիռ մասը պաշտոնյաներ են․ Դատախազության զեկույցը

«Ժողովուրդ»․ 1264 անձինք հետապնդման են ենթարկվել. գերակշիռ մասը պաշտոնյաներ են․ Դատախազության զեկույցը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Գլխավոր դատախազության 2019 թվականի տարեկան զեկույցն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։ «Ժողովուրդ» օրաթերթն, ուսումնասիրելով փաստաթուղթը, տեղեկացավ, որ այն բաղկացած է մոտ 186 էջից եւ անդրադարձ է կատարված տարբեր ոլորտների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին եւ արձաննագրված արդյունքներին։ Այսպիսով, 2018թ. համեմատ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը, որին հակառակ, նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399:

2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2625 քրեական գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձինք: Այսինքն, 2019թ. ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 314-ով ավելի անձ, քան նախորդ տարվա ընթացքում։

Ըստ այդմ, 2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը (2018թ․-470) հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ։ Նրանցից են 2 պաշտոնաթող նախագահ, 1 նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, 2 դատավոր, 1 նախկին գլխավոր դատախազ, ոստիկանության 27 աշխատակից, այդ թվում՝ ոստիկանության նախկին պետ եւ տեղակալներ, ՊԵԿ նախկին նախագահ, նախկին մարզպետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: