շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել՝ Մյասնիկյան գյուղի կիսակառույց շենքում զինամթերք է թողել

Քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել՝ Մյասնիկյան գյուղի կիսակառույց շենքում զինամթերք է թողել

Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքները՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ:

«Ներկայացնում ենք Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների՝ դեկտեմբերի 15-ին արձանագրված արդյունքները:

Ոստիկանության Արմավիրի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ կաթի գործարանի պատի տակ ինքնաձիգ և այլ զինամթերք է թողել: Արմավիրի քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ էին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 15-ին ինքնաձիգ են հայտնաբերել Էջմիածին քաղաքի Պետտնկարան թաղամասի հարակից գերեզմանատան ճանապարհին: Նշված վայրում ապօրինի պահվող զենք լինելու մասին հայտնել էր ոստիկանություն զանգած քաղաքացին: Նա նաև հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և ինքնաձիգը բերել էր Արցախից:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և մարզի վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան գյուղի ավտոտնակներ կոչվող տարածքի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նշված վայրում քրեական հետախույզները հայտնաբերել են կարճեցված փողով ինքնաշեն ակոսափող հրացան, ձեռքի նռնակ՝ պայթուցիչներով և 7,62 մմ տրամաչափի 70 փամփուշտ:
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: