ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընթանում է պատերազմում անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը

Ընթանում է պատերազմում անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը

Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում ընթանում է անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Լիա Սարգսյանը՝ դատական նիստի առանցքում անցած տարի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների եւ Սերոբ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է։

Դեպքի օրը երեկոյան լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր միջադեպի վայրից լուսանկար եւ գրել․ «Նալբանդյան փողոցի այս խանութի աշխատակիցը զոհվածների ծնողների երթը տեսնելիս նրանց անվանեց «փնթիներ»: Հռհռում էր ընկերների հետ։ Եթե դու քեզ համարում ես բարոյական մարդ, երբեք չմտնես այս խանութ»։ Այնուհետեւ, ճշտելով զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձի ինքնությունը՝ խմբագրել էր գրառումը։

«Զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է՝ Սերոբ Սարգսյանը: Խնդրեմ: Եւ այս ստորի համար զոհվել են հազարավոր տղերք, եւ այս ստորը ապրում է ձեր կողքին: Ի դեպ, տեղեկացրին, որ այս ստորը իբր կապ չունի խանութի հետ, պարզապես վախից մտավ խանութ, դուռը ներսից փակեց ու հայտարարեց. «Մասնավոր տարածք ա, դուրս եկեք»: (Խմբագրված) Քիչ առաջ տեղեկացրին, որ խանութն իրենն է», - գրել էր նա:

Սերոբ Սարգսյանը դիմել է դատարան՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Դատական նիստին վկայի կարգավիճակով ներկա են 44-օրյա պատերազմում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները։

Ըստ aysor.am-ի:

  • Կիսվել: