ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Վստրեչի Ապերի» եղբորորդին եւ հարեւանն ազատ են արձակվել

«Վստրեչի Ապերի» եղբորորդին եւ հարեւանն ազատ են արձակվել

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարեւանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։

Առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Արման Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանին։

«Ինչպես գիտեք՝ դատարանները նույնիսկ այն դեպքերում երբ տեսնում են, որ հիմնավոր կասկածը բացակայում է, հիմնականում կարող են մերժել կալանքի միջնորդությունը հիմքերի բացակայության պատճառաբանությամբ կամ գրավ կիրառել, կամ առհասարակ աշխատում են հիմնավոր կասկածի հետ կապված հարցին շատ չանդրադառնալ։ Բացառիկ դեպքերում, երբ այնքան ակնհայտ է հիմնավոր կասկածի բացակայությունը եւ ոչինչ գրել չեն կարող, դատարանը միջնորդությունը մերժում է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արամ Վարդանյանի եղբորորդու եւ հարեւանությամբ բնակվող անձի դեպքում դատարանները մերժել են կալանքի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայությամբ»,– news.am-ին ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

 

  • Կիսվել: