հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը գույքային հայց կներկայացնի Փաշինյանին ուղեկցող ոստիկանի դեմ

Վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը գույքային հայց կներկայացնի Փաշինյանին ուղեկցող ոստիկանի դեմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր հետաձգեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի գործով առաջին դատական նիստը։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը չէր ներկայացել դատական։ Վերջինս գրություն էր ուղարկել այն մասին, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ նիստի է մանակցելու։ Պաշտպանի բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, սակայն մինչև հետաձգվելը տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հայրը գույքային հայց ունի ներկայացնելու։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գույքային հայց ներկայացնելու դեպքում դատական նիստը հետաձգվում է, որպեսզի կողմը հնարավորություն ունենա ծանոթանալու դրա բովանդակությանը, ուստի՝ Ասլանյանը գույքային հայցի պատճենն այսօր տրամադրեց դատարանին ու դատավարության մասնակիցներին, որպեսզի մինչև հաջորդ դատական նիստը դրան ծանոթանան։ Հայցի բովանդակությունն այսօր դատարանում չհրապարակվեց։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի հուղարկավորության, հուշաքարի, տապանաքարի տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման համար կատարված ողջամիտ ծախսերը, որոնք մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով են պատճառվել ենթակա են հատուցման։

  • Կիսվել: