երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում

Առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում: Գործն ի սկզբանե գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, և, թեև գործը դատարանում է շուրջ երկու տարի, դեռևս դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում չէ, հետևաբար, ըստ գործող կարգավորումների, ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին և ըստ այդմ գործն ուղարկվել է նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարան:

Ըստ նախաքննական մարմնի՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից ` ռազմական ոստիկանության) վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:
Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

Լևոն Խաչիկի Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկակացուցչի կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրինքով սահմանված կարգով ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք:Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Վարդան Վաղարշակի Թունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանսոյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, բացի այդ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:

Գուրգեն Համլետի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 26–ին։

  • Կիսվել: