հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վիճաբանություն և ծեծկռտուք Վանաձորում. գործադրվել են հրազեն և սուր կտրող-ծակող գործիքներ

Վիճաբանություն և ծեծկռտուք Վանաձորում. գործադրվել են հրազեն և սուր կտրող-ծակող գործիքներ

Ոստիկանության Տարոնի բաժնում փետրվարի 29-ին, ժամը 20:20-ին,ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Վանաձորի Շիրակի խճուղուց հիվանդանոց են տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» ախտորոշումով՝ 48-ամյա տղամարդ, «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ աջից» ախտորոշումով՝ 26-ամյա և «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշումով՝ 24-ամյա երկու երիտասարդ:

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզի քննիչների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավտոմեքենայով ձայնային ազդանշան տալու շուրջ վիճաբանել են Վանաձորի երկու բնակիչներ: Նրանք պայմանավորվել են հանդիպել Շիրակի խճուղում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ տուժածներին վնասվածքները պատճառվել էին սուր կտրող-ծակող գործիքներով և որսորդական հրացանով:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին, ժամը 18.15-ին, որսորդական հրացանից կրակած 48-ամյա քաղաքացին ներկայացել է Լոռու մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք որսորդական հրացանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: