երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վերնիսաժի հուշամեդալները. ի՞նչ են հայտնել ԱԱԾ-ին Վերմիշյանի գործով մեղադրյալները

Վերնիսաժի հուշամեդալները. ի՞նչ են հայտնել ԱԱԾ-ին Վերմիշյանի գործով մեղադրյալները

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով: Ի՞նչ են պատմել մեղադրյալները իրավապահներին:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարի 5-ին ձերբակալվեց, իսկ, ահա, ավելի ուշ կալանավորվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետձեռք է բերել պայմանավորվածություններ, եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել:

Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատերերի Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման ներկայացնելու: Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւշուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ:

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետՋոն Ֆարխոյանն է: ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, եւ այն նույնպես բավարարվել էր: Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենցհերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել Ֆարխոյանին: Գործով կալանավորված է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ու թեեւ քրեական գործով կա 6 մեղադրյալ, սակայն նախաքննական մարմինը այս գործի մասին որեւէ բան չի հայտնում, եւ այն քննում է հույժ գաղտնի պայմաններում: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով անցնում է հանրապետությունում հայտնի շինարար Վազգեն Պողոսյանը եւ քաղաքաշինության վարչության պետերից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթին այս քրեական գործովորոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե մեղադրյալները ինչ են պատմել իրավապահներին իրենց դեմ հարուցված կաշառքի քրեական գործով: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը հայտնել է՝ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» եւ ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները: Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին եւ մտերիմ լինելով նրա հետ՝ իր մտերիմ ընկերոջը հայտնել է, որ ցանկություն ունի գնել այդ հուշամեդալները, քանի որինքը հայտնի ճարտարապետների հուդամեդալների հավաքածու ունի:

Վահագն Վերմիշյանն էլ համաձայնել է եւ ասել, որ,իբր, այդ հուշամեդալները կվաճառի 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումարով: Եվ, ահա, ըստ մեղադրյալների կողմից իրավապահներին հայտնած տեղեկության՝ Գալստյանը վերցրել է հուշամեդալների համար նախատեսված այդ գումարն ու գնացել ընկերոջ մոտ, եւ դա կաշառք չի եղել, ինչպես պնդում են իրավապահները: Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, եւ այդպես էլ արել են: Ըստ մեր տեղեկությունների՝ Գալստյանի տարած գումարն էլ Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է իրավապահների կողմից նախապես Վերմիշյանի աշխատասենյակում դրված տեսախցիկների կողմից ու հենց այդ տեսանյութն էլ ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հիման վրա էլ նրանք կալանավորվել են:

Նշենք նաեւ, որ Գագիկ Գալստյանը հայտնի է իր շինարարական աշխատանքներով, նա շատ կառույցների հեղինակ է, որոնցից մեկը Հյուսիսային պողոտայում է գտնվում, Էջմիածնի Մայր տաճարի շրջակայքում եւ այլ շինությունների: Նշենք նաեւ, որ հատկապես Գալստյանին կալանքի տակ պահելը հենց իշխանության շատ ներկայացուցիչների սրտով չէ, քանի որ, շատերի կարծիքով, Գալստյանը այն անձը չէր, որ կարող էին նրան ԿԳԲ-ի «պադվալում» պահել: Նա չի կարող խոչընդոտել քննությանը, եւ ստորագրությամբ նրան ազատ արձակելով՝ գործը հաստատ չիտուժի:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների մասով դիմեց Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուժեղ Առաքելյանին՝ հասկանալու համար, թե Գագիկ Գալստյանը եւ Վահագն Վերմիշյանը նման բան իրոք հայտնել են իրավապահներին: Ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Կա նման ցուցմունք, թե չկա նման ցուցմունք, դրա հետ կապված եւս Ձեզ որեւէ բան չեմ կարող ասել եւ չգիտեմ անգամ, թե պարոն Գալստյանի ցուցմունքը, որպես այդպիսին, Ձեզ ով է տրամադրել, ինչ միտում է ունեցել, եւ ինչու է տրամադրել. դրա իրավասությունն էլ չեն ունեցել, քանի որ դա նախաքնական գաղտնիք է: Հետեւաբար սպասեք, լրատվական դաշտով մենք հանդես կգանք հայտարարությամբ: Միայն այդ ամեն ինչի հետ կարող եմ հավելել, որ այդ 5000 դոլարի հետ կապված կասկածի կոմպոնենտ չկա, լրացուցիչ այլ տեղեկատվություն չեմ կարող հայտնել»:

 

  • Կիսվել: