չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը էականորեն աճել է։

 Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ Սա բավականին դրական ցուցանիշ է»,-նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս գործընթացի ակտիվացումը նաև տեխնոլոգիական վերափոխումների անհրաժեշտություն է առաջացրել։

«Սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել հասկանալ, թե ինչպես կարելի է ամբողջությամբ թվայնացնել այս գործընթացը։ 2024-2025 թվականների կտրվածքով արդեն ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա դիմումների ընդունումն ամբողջովին իրականացնել թվային հարթակում, ապահովել անհրաժեշտ ստուգումները և գործը կազմակերպել առավել արդյունավետ ձևով»,-ասաց Սարգսյանը։ 

 

  • Կիսվել: