ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Վերաբացվել է Հուրգադա-Երևան չեղարկված չվերթների գործը․ մեղադրանք՝ 7 տուրօպերատորի տնօրենի

Վերաբացվել է Հուրգադա-Երևան չեղարկված չվերթների գործը․ մեղադրանք՝ 7 տուրօպերատորի տնօրենի

Գլխավոր դատախազությունը վերաբացել է Հուրգադա-Երևան՝ 7 տարի առաջ չեղարկված ու մեծ աղմուկ բարձրացրած թռիչքների քրեական գործը։ Իրավապահները հակամրցակցային գործունեության համար մեղադրանք են առաջադրել տուրիստական միանգամից 7 ընկերության տնօրենների, նյութերն ուղարկվել են դատարան։

Հայաստանից ավելի քան 130 քաղաքացի 2019-ի ամռանը ծովափնյա հանգստի էր մեկնել Հուրգադա, ու հանգստից հետո հայաստանցի զբոսաշրջիկները պարզել էին՝ վերադառնալ չեն կարող, քանի որ տուրօպերատորը՝ «Էյ Ընդ Ար տուր»-ը չի վճարել ավիափոխադրողին։

Ի վերջո, նրանց հաջողվեց ժամանել Երևան, այն ժամանակ պետական բյուջեից կառավարությունն ավելի քան 50 միլիոն դրամ տրամադրեց՝ առանձին չարտերային թռիչքներ կազմակերպելու համար։ Իսկ քրեական գործը, որ սկզբում հարուցվել էր «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենի դեմ՝ առանձնապես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հոդվածով, 2024-ին դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցնելու ու մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքերով։ Այս գործով տուժող էին ճանաչվել Կառավարությունը, զբոսաշրջիկներ ու առանձին տուրիստական ընկերություններ, որոնք վաճառել էին տուրօպերատորի փաթեթները։

  • Կիսվել: