ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումները բողոքարկելու նախագիծը

Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումները բողոքարկելու նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հեռակապի միջոցով մասնակցել են Եվրոպայի խորհրդի կազմակերպած քննարկմանը, որի ընթացքում Եվրոպայի խորհրդի գործընկերներին և «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) զեկուցողներին ներկայացվել է վերջերս արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը:

Փաթեթով նախատեսվում է սահմանել իրավական հնարավորություն` բողոքարկելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ինչը բխում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից և Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականներից:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները, նշել է, որ դրանով նախատեսվում է իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վարույթները քննել Բարձրագույն դատական խորհրդի փոքր՝ 4 անդամից բաղկացած կազմով, իսկ հետագայում դրանցով կայացված որոշումների բողոքարկման դեպքում որոշումները վերանայել մեծ՝ 6 անդամից բաղկացած կազմի կողմից:

Ընդ որում, յուրաքանչյուր նոր գործով այս կազմերը ձևավորվելու են վիճակահանությամբ: Արփինե Սարգսյանը նշել է, որ այս մոդելն ընտրվել է` հաշվի առնելով գործող սահմանադրաիրավական կարգավորումները և նախագծի հեղինակների պատկերացմամբ, ըստ էության, արդյունավետ մոդել է, որը գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում կերաշխավորի արդարադատության մատչելիությունը կարգապահական վարույթների տեսանկյունից:

Քննարկման երկրորդ հատվածում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները և Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները հարցեր են ուղղել հայկական կողմին` ստանալով պարզաբանումներ նախագծի կարգավորումների էության և դրանց նախատեսման նպատակների վերաբերյալ:

Քննարկումը կազմակերպվել է դեկտեմբերին սպասվող՝ Վենետիկի հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը քննարկված նախագծի վերաբերյալ:

 

  • Կիսվել: