ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վազաշենի  23-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է. նոր մանրամասներ դեպքից

Վազաշենի 23-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է. նոր մանրամասներ դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Իջեւան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջեւան համայնքի 32-ամյա բնակչի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում, գումարային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել վերջինիս եւ հիշյալ 23-ամյա երիտասարդի միջեւ, որը շարունակվել է Վազաշեն բնակավայրին հարող հանդամասում: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը մեքենայից վերցված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: