երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարորդական իրավունք ստանալու քննությանը դիմորդին օգնում է տեսուչը. դատախազությունն առաջարկել է ժամանակավոր լուծում գտնել

Վարորդական իրավունք ստանալու քննությանը դիմորդին օգնում է տեսուչը. դատախազությունն առաջարկել է ժամանակավոր լուծում գտնել

Օրերս ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր էր ուղարկել ՀՀ ոստիկանապետին՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները պատշաճ չվերահսկվելու խնդրի վերաբերյալ:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանել է, որ կան քրեական գործեր, որոնցով պարզ է դարձել առկա տեսական քննության ընթացքում դիմորդներին տեսուչների օգնելու, ինչպես նաև՝ գործնական քննության ժամանակ անգամ նրանց փոխարեն ավտոմեքենան վարելու՝ այդ կերպ քննությունների դրական արդյունքը դիմորդի համար ապահովելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ պարզվել է նաև, որ տեսական քննությունները որոշակիորեն տեսահսկվում են, սակայն գործնական քննությունները՝ ոչ:

«Կառավարության որոշմամբ՝ մինչև 2027 թվականը գործնական քննության ավտոմեքենաների վրա և ավտոմեքենաներում ևս պետք է համապատասխան սարքավորումներ տեղադրվեն կամ դրանցով համալրված ավտոմեքենաներ շահագործվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործընթացի լիարժեք վերահսկելիությունը և նվազագույնի հասցնել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը»,- ասել է Աբրահամյանը:

Անդրադառնալով դատախազի միջնորդագրին՝ ուղղված ոստիկանապետին՝ Աբրահամյանը նշել է. «Գլխավոր դատախազի միջնորդագիրը վերաբերել է երեք խնդրի. նախ՝ վերացնել այնպիսի խախտումները, որոնք արձանագրվել են հաղորդագրությունում վկայակոչվող քրեական գործով՝ կապված կոնկրետ ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի հետ, երկրորդ, առավել մեծ ուշադրություն դարձնել այդ բաժանմունքներում տեսական քննությունների ողջ ընթացքի նկատմամբ հսկողությանը, և քանի որ մինչև 2027 թ. տևական ժամանակ կա, նաև գտնել միջանկյալ կամ ժամանակավոր լուծումներ՝ գործնական քննությունները տեսահսկելու, այդ գործընթացի նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու համար:

«Ոստիկանությունից պատասխան դեռևս չի ստացվել, դրա համար ժամկետներ կան, սակայն պետք է նշել, որ ոստիկանությունը պատշաճ կերպով մշտապես դատախազության միջնորդագրերը դարձնում է ներքին քննարկման առարկա և արդյունքների մասին տեղեկացնում: Վստահ ենք, որ սահմանված ժամկետներում այս դեպքում ևս դա կապահովվի»,- հավելել է Աբրահամյանը:

Բանն այն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2021 թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ, տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն հայտնելով դրա համար նրան տրամադրել 350.000 ՀՀ դրամ:

Գ. Գ.-ն վերոնշյալն իրականացնելու նպատակով համաձայնություններ է ձեռք բերել իր մտերիմ, համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ի հետ: 2021 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում անձը մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը: Քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ նշելու համակարգչային թեստերի միջոցով առաջադրված հարցերի ճիշտ պատասխանները։

Տեսուչի հիշյալ ապօրինի գործողությունների արդյունքում անձը դրական է հանձնել տեսական քննության հոգեբանական և գիտելիքների ստուգման թեստերը, Է. Ս.-ն կազմել և գործին է կցել վարորդի թեկնածուի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա վերջինիս թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ Քննությունից հետո քաղաքացին և Գ. Գ.-ն վերադարձել են Երևան, որտեղ 350.000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո Գ. Գ.-ն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչը։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենա վարելու հմտություններին փաստացի չտիրապետող անձը տեսական քննությունից կարճ ժամանակ անց պետք է հանձներ նաև գործնական քննությունը, որի ժամանակ ավտոմեքենան պետք է վարեր ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներից որևէ մեկը:

Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը), իսկ Գ. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: 2022 թ. մարտի 1-ին դատախազը նշված երկու անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկել է դատարան:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում նման բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրությունը փաստել է, որ նշված եղանակով, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին տրված կաշառքի դիմաց անձինք հնարավորություն են ստացել հանձնելու ոչ միայն տեսական, այլ նաև գործնական քննությունները և ձեռք բերել վարորդական իրավունքի վկայականներ:  

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 11-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով: Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Նոր հարցաշարերն արդեն ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում են։ Հարցաշարերը հասանելի են հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն։

  • Կիսվել: