ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարդենիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. երիտասարդը կալանավորվել է

Վարդենիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. երիտասարդը կալանավորվել է

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին խուզարկվեց 23-ամյա վարդենիսցու փաստացի բնակության վայրը` իր օժանդակ շինություններով և Սոթքում գտնվող նրա առանձնատունն ու կից շինությունները: Փաստացի բնակության վայրից հայտնաբերվեց ընդհանուր 160 գրամից ավելի, իսկ Սոթքի առանձնատնից՝ 570 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի հումք կանեփն ինքն է աճեցրել: Հաստատվեց նաև երեք համագյուղացիներին թմրանյութ իրացնելու տեղեկությունը:
Նույն օրը երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ հոկտեմբերի 3-ին նրան մեղադրանք առաջադրվեց. խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: