չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին. նրան մեղադրանք է առաջադրվել

Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին. նրան մեղադրանք է առաջադրվել

Վարդենիսի նյարդաբանական տուն-ինտերնատի կադրերի տեսուչ Բեգրուհի Խլոյանը երկար տարիներ տուն-ինտերնետում աշխատելուց հետո հայտնվել է ամբաստանյալի աթոռին։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 16 տարի անընդմեջ` 2002-2018 թթ․–ին շահագործման է ենթարկել ինտերնատի հոգեկան ֆունկցիաների խանգարմամբ տառապող բնակչուհիներից մեկին։

Նախաքննությամբ պարզվել է, որ Խլոյանը ինտերնատի տարածքում մթերային խանութ է բացել, որտեղ շաբաթը 5 օր, առանց ընդմիջման աշխատեցրել է հիվանդ կնոջը և, օգտվելով նրա վիճակից, չի վարձատրել։

Գեղարքունիքի մարզի իրավապահների բացահայտած այս հանցավոր արարքի նախաքննությունն ավարտվել է 2020թ–ի դեկտեմբերին։ Իսկ 2021թ–ի հունվարից մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը։

Բայց անցել է շուրջ 5 ամիս, իսկ դատական պրոցեսը դեռ դոփում է տեղում։ Արդարադատությանը չի հաջողվում քննել գործը` անվերջ ձգձգումների պատճառով։

Դատական գործի պաշտոնական մեկնաբանությունների համաձայն` դատական նիստերը հետաձգվում են վկաների` դատարան չներկայանալու պատճառով։ Իսկ գործով անցնող վկաները հիմնականում Բեգրուհի Խլոյանի գործընկերներն են` Վարդենիսի նյարդաբանական տուն-ինտերնատի աշխատակիցները։

Դատական վերջին նիստում` մայիսի 3-ին, դատարանն արդեն ստիպված է եղել վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել։

Դատական հերթական նիստը նշանակված է վաղը` մայիսի 19–ին, ժամը 14։00։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: