հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչական դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբոր հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

Վարչական դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբոր հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, գրում է pastinfo.am-ն:

Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիս ամսին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը: Ըստ այդ որոշման՝ Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Առերեւույթ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից կազմվել էր արձանագրություն, Լեւոն Սարգսյանը ծանուցվել էր գործի քննության օրվա եւ ժամի մասին, սակայն չէր ներկայացել Հանձնաժողով, եւ գործի քննությունն ընթացել էր առանց նրա:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը: Նշենք, որ այդ տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դարձյալ չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Սակայն Լյովա Սարգսյանի հայցի վարույթ ընդունվելով՝ վիճարկվող որոշումը ժամանակավորապես կասեցվել է: Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Էթիկայի հանձնաժողովի հիշյալ որոշումը, որով իր նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» վարչական տույժ:

Հայցվոր կողմի պնդմամբ՝ վարչական վարույթն անհիմն է և չի իրականացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն և ենթակա է վերացման, քանի որ կարգավորումների համաձայն՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր էր ապահովել Լյովա Սարգսյանի լսված լինելու իրավունքը և վարչական վարույթի ընթացքում պետք է անցկացներ լսումներ՝ հնարավորություն տալով հայցվորին կամ նրա ներկայացուցչին արտահայտվել վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ, որի միջոցով կապահովեր գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և գործով իրավաչափ որոշում՝ վարչական ակտ կայացնելը: Օրենքով սահմանված է, որ վարչական մարմինը պարտադիր պետք է ապահովի անձի լսված լինելու իրավունքը՝ դրանով իսկ երաշխավորելով պետական մարմնի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի հիմնարար իրավունքը, ինչ այս պարագայում չի իրականացվել, մինչդեռ, հայցվոր կողմի դիտարկմամբ՝ հանձնաժողովը հստակ տեղեկացված է եղել, որ Սարգսյանը բացակայում է ՀՀ-ից և հնարավորություն չունի ստանալու՝ իր հաշվառման հասցեին ուղարկված փաստաթղթերը։ Ավելին՝ հայցվորը նշել է, որ վարչական վարույթի մասին Լյովա Սարգսյանը տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ Դատարանն ընդգծել է, որ իրավական պաշտպանության միջոցից լիարժեք օգտվելու հնարավորության ընձեռումն առաջին հերթին ենթադրում է հարուցված վարչական վարույթի մասին այդ վարույթի մասնակցին ծանուցելու և նրա լսված լինելու իրավունքն ապահովելու պարտականության կատարում: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտը կայացնելիս պահպանվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերը: Տվյալ պարագայում պատասխանողը չի վկայակոչել կամ չի ներկայացրել վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջը վարչական վարույթի մասին ծանուցված լինելը հիմնավորող որևէ ապացույց:

Դատարանն, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ վիճարկվող որոշման կայացմամբ խախտվել է նշված ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Հայցվորի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացումը:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վճռել է՝ բավարարել Լյովա Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի կողմից կայացված վարչական տույժ կիրառելու մասին որոշումը։ Դատարանը նաև որպես նախապես վճարված պետակլան տուրքի գումար հօգուտ Լյովա Սարգսյանի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ։

 

  • Կիսվել: