երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահրամ Ավետիսյանն իմ թեկնածուն չի եղել. Բադասյան

Վահրամ Ավետիսյանն իմ թեկնածուն չի եղել. Բադասյան

Վահրամ Ավետիսյանն իմ թեկնածուն չի եղել, նա կառավարության թեկնածուն էր։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, սակայն վերջինս ավելի ուշ հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից։

«Ինչու ենք կենտրոնացել նրա վրա: Եղել էր կառավարության կողմից առաջադրված թեկնածություն, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, որից ելքը գտնվեց․ պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելուց»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությանը, նախարարն ասաց, որ Շաթիրյանը դրական թեկնածու է, և ՍԴ դատավորի բարձր կոչմանն արժանի մասնագետ է։

Դիտարկմանը, թե Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց հանձնաժողովի ղեկավար չընտրվելուց հետո հրաժարվեց անդամությունից՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ դա ցավալի միջադեպ էր: «Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ դա պարզաբանելու այդ հարցը»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ՍԴ դատավորի երեք թեկնածուներն այն անձինք են, որոնք եթե ԱԺ կողմից ընտրվեն ՍԴ դատավորներ, փոխելու են ՍԴ-ի ներսում տիրող իրավիճակը, ընդհանրապես մեծանալու է հանրության մոտ վստահությունը ՍԴ-ի նկատմամբ, նախարարն ասաց, որ միայն կառավարության թեկնածուի մասով իրեն թույլ կտա կարծիք արտահայտել:

«Կարծում եմ՝ այո, պարոն Շաթիրյանի թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հատկանիշները բավարարում է ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուներ են»:

Նախարարն ընդգծեց, որ հասարակությունն իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել ՍԴ դատավորի այս կամ այն թեկնածուի հետ կապված, առկա ռիսկերի հետ կապված և ԱԺ-ում փարատել, կամ չփարատել այդ կասկածները:

Անդրադառնալով  բարձրագույն դատական ատյանները միավորելու արդյունքում Գերագույն դատարան ստեղծելուն` նախարարը նշեց, թե չի հասկանում քննադատությունները, երբ ասում են, որ ոչինչ չեն փոխում, քանդում են:

 «Չեմ հասկանում, ինչ քանդելու մասին է խոսքը, երբ խոսքը բարձագույն դատական ատյանները միավորելու մասին է, սահմանդրականության կիրառումը, Սահմանդրության ոգին ընդհանուր դատարաններ բերելու և այդ կոնցեպտը դատարաններում զարգացելու մասին, հետևաբար քանդելու դիսկուրսն ինձ համար անընդունելի է: Նույն տրամաբանությամբ կիսանախագահական համակարգը ինչու էին քանդում»,- ասաց նա:

 

  • Կիսվել: