հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վահե Գրիգորյանը մասնակցել է Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի աշխատանքներին

Վահե Գրիգորյանը մասնակցել է Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի աշխատանքներին

2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը Սահմանադրական արդարադատության համաշխարհային վեհաժողովի գլխավոր քարտուղարի հրավերով մասնակցել է Ինդոնեզիայում գումարված Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Վեհաժողովի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը բարձր դատարանների տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի և Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության, ինչպես նաև Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության պաշտոնական նիստերում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը:

Դատավոր Գրիգորյանը նաև երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Բելգիայի Թագավորության, Խորվաթիայի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմիների և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր, նախանշվել փոխադարձ մասնագիտական հետաքրքրության շրջանակներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ բարձր մակարդակի փոխադարձ այցերի շուրջ: Օտարերկրյա գործընկերներին ներկայացնելով Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Սահմանադրական դատարանի գործունեության հաջողությունները՝ դատավոր Գրիգորյանը կարևորել է մասնագիտական փոխադարձ հետաքրքրության թեմաներով եվրոպական ժողովրդավարական ժառանգության պաշտպանության և զարգացման հարցում Բարձր դատարանների միջև երկխոսության խթանումն ու մասնագիտական-տեխնիկական համագործակցությունը:

Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի լիագումար նիստում մասնակից սահմանադրական արդարադատության 94 Բարձր ատյանների կողմից ընդունվել է «Բալիի կոմյունիկեն», որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.venice.coe.int/.../2022_10_06_WCCJ5_Bali...:

  • Կիսվել: