չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ունենք կառավարության որոշում, որը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար. Մարության

Ունենք կառավարության որոշում, որը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար. Մարության

«Ցավն այն է, որ մենք ունենք կառավարության որոշում, որը թույլ է տալիս՝ քո ապօրինի շինությունն օրինականացնես: Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա մանրամասնեց. ՛՛Այսինքն՝ մարդը գիտի, որ ապօրինի շինություն կառուցի, հետո կարող է դիմել և օրինականացնել իր շինությունը: Մենք արդեն 2019-ի փետրվարին դիմել ենք կառավարությանը, նախագիծ ենք պատրաստել, որ կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն լինի, որ գոնե համայնքային և պետական հողերի վրա, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավունք չունենա ինքնակամ, ապօրինի շինությունն օրինականացնելու՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին ասված է Դատական տեղեկատվական համակարգից։

Գործարարը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի առթիվ էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։ 

Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի կողմից տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները եւ պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

  • Կիսվել: