հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել են Կենտրոնի փոխթաղապետն ու գլխավոր մասնագետը

Ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել են Կենտրոնի փոխթաղապետն ու գլխավոր մասնագետը

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո ձերբակալվել են փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը, գրում է armtimes.com-ը:

ՀՀ ոստիկանությունից կայքի հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: «Քրեական գործի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է»,- ասացին ոստիկանությունից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման կասկածանքով: Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի  կատարման կասկածանքով: «Քրեական գործով համապատասխան գործողությունները շարունակվում են, միջադեպի այլ մասնակիցների, կատարվածի ամբողջական հանգամանքների պարզման ուղղությամբ»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: «Մոտ 15 հոգով խփում էին, արդեն չէի հասկանում, թե ովքեր են ու ինչ է կատարվում: Բայց գլխավոր դերում Արմեն Ազիզյանն ու Արմեն Դավոյանն էին, մնացածն էլ կողքից աջակցում էին: Ասում էին՝ կա՛մ ազատման դիմում գրի գնա, կա՛մ ազատի աշխատասենյակը: Ասացի, որ չեմ գնալու, բռնի ուժի դիմեցին, համակարգիչս ջարդեցին, իրերս էին դուրս հանում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել էր Մարգարյանը:

  • Կիսվել: