շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տղամարդու ուղղությամբ ինքնաձիգից կրակած անձը ձերբակալվել է

Տղամարդու ուղղությամբ ինքնաձիգից կրակած անձը ձերբակալվել է

Հիվանդանոցից ոստիկանության մարտի 5-ին ժամը 02:40-ին Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության   հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ նույն օրը ժամը 02:15-ի սահմաններում անհայտ անձը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել տղամարդու և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը ստացել է մարմնական վնասվածք:


Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակողի ինքնությունը: Աղավնատուն գյուղի 34-ամյա բնակիչը, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս, Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: