հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ պատվիրակության անդամները ՄԱԿ-ի կոմիտեի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա

ՀՀ պատվիրակության անդամները ՄԱԿ-ի կոմիտեի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա

Հոկտեմբերի 12-ին և 13-ին՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել հեռավար եղանակով:

ՀՀ պատվիրակությունը, որը կազմված էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ղեկավարում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և համանախագահում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցադրումների, այդ թվում քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, կրթության, զբաղվածության, առողջապահության, տնտեսական, սոցիալական բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և իրավունքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

Տեսադարան

Տեսադարան

  • Կիսվել: