չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տեղի է ունեցել հայ-իրանական իրավական ոլորտի կոմիտեի առաջին նիստը. ՀՀ-ում է Իրանի արդարադատության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը

Տեղի է ունեցել հայ-իրանական իրավական ոլորտի կոմիտեի առաջին նիստը. ՀՀ-ում է Իրանի արդարադատության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորել է նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը:
 
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստը կնպաստի հայ-իրանական համագործակցության ամրապնդմանը: Գրիգոր Մինասյանը նշել է երկուստեք քայլերի անհրաժեշտությունը՝ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացման համար:
 
Իրանի արդարադատության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հագեցած օրակարգի համար:
 
Ասքար Ջալալիանը նշել է, որ մինչ օրս երկու երկրների արդարադատության նախարարություններն ունեցել են ամուր գործընկերային հարաբերություններ, ինչը նպաստել է ոլորտային արդյունավետ համագործակցությանը:
Գրիգոր Մինասյանն ու Ասքար Ջալալիանը քննարկել են դատապարտյալների փոխանցման ու հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը վերհանվել են ոլորտային խնդիրներն ու դրանց ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:
 
Գրիգոր Մինասյանի հետ հանդիպման ավարտից հետո նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի անդրանիկ նիստը երկկողմ համաձայնագրերի կատարման ընթացքի և վեր հանված խնդիրների վերաբերյալ:

  • Կիսվել: