ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղեկանքը տվել է ոստիկանությունը. Տիգրան Մուկուչյանը՝ ՌԴ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանի պատգամավոր ընտրվելու մասին

Տեղեկանքը տվել է ոստիկանությունը. Տիգրան Մուկուչյանը՝ ՌԴ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանի պատգամավոր ընտրվելու մասին

ՀՀ դատախազությունը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ քրեական գործով ձեռք բերված տվյալներով՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Ավելի վաղ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ՌԴ քաղաքացիությունը կարող է հիմք հանդիսանալ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցնելու համար:

Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին, քանի որ օրերս Ռուսաստանը դադարեցրել էր Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։

Այդպիսով՝ պարզ է դառնում, որ 2007-ին և 2012-ին ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Հայրապետյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը:

 Քանի որ ընտրությունների անցկացման պատասխանատուն ԿԸՀ-ն է, NewArmenia.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող էր ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը ՀՀ-ում առաջադրվել ու ընտրվել պատգամավոր, աշխատել մոտ 10 տարի` կոպտորեն խախտելով Ընտրական օրենսգրքի պահանջը՝ ըստ որի, Հայաստանում երկքաղաքացին չի կարող առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:  

«2007 թ-ի փետրվարի 26-ին Ընտրական օրենսգրքում ամրագրվել է, որ ԱԺ թեկնածու չեն կարող առաջադրվել և գրանցվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունենք այլ պետության քաղաքացիություն»,-նշեց ԿԸՀ նախագահը՝ շարունակելով. «ԿԸՀ-ն 2011-ին ընդունել է որոշում, որով հաստատել է ԱԺ պատգամավորի թենածուի վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը»:

Այս տեղեկանքը, ըստ Մուկուչյանի, տրամադրվում էր թեկնածուներին լիազոր մարմնի՝ ոստիկանության կողմից: «Դա հանդիսացել է գրանցման փաստաթուղթ, և եթե նման փաստաթուղթ չներկայացվեր, ուղղակիորեն թեկնածուն չէր կարող գրանցվել: Բնական է, եթե թեկնածուն գրանցնել է, ուրեմն ներկայացված է եղել նման համապատասխան տեղեկանք»,-ասաց Մուկուչյանը:

Հարցին, թե ասել է թե՝ ՀՀԿ-ի ցուցակով 2007-ին և 2012-ին երկքաղաքացի Ռուբեն Հայրապետյանի պատգամավոր ընտրվելու պատասխանատուն ոստիկանությո՞ւնն է, Մուկուչյանը նման պատասան տվեց. «Ես բացատրեցի՝ կարգն ինչպիսին է: Տրվել է տեղեկանք, այդ տեղեկանքի հիմքով կատարվել է գրանցում: Որևէ այլ գնահատական չեմ կարող ներկայացնել: Եթե իմացվեր, գրանցում տեղի չէր ունենա»:

Հետաքրքրվեցինք նաև, թե այս դեպքում քրգործ պե՞տք է հարուցվի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մուկուչյանը մեր հարցին  չպատասխանեց, ասելով, թե դա ԿԸՀ լիազորության տիրույթի հարց չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: