Ճանապարհային վճար մուծելու են բեռնատարները և ոչ թե մարդատար մեքենաները․ Փորձագետը մանրամասներ է ներկայացնում
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է սահմանել 50 ՀՀ դրամ վճար յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց։ Այդ նախագծով սահմանվում է ճանապարհայն վճար հասկացությունը, որը նախատեսված է լինելու բեռնատար մեքենաների համար։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, այսինքն՝ մարդատար մեքենաների համար կլինի անվճար, բայց այդ կարգից բացառություն են կազմելու 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցները։ Սահմանվում է նաև արգելել 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը ընդհանուր օգտագործման՝ առանց ճանապարհի ծածկույթին պատճառվող վնասի փոխհատուցման համար սահմանված վճարի ճանապարհներով:
«Այս նախագծում խոսքը պետություն-մասնավոր կառույց համագործակցության մասին է։ Այսինքն՝ ճանապարհային վճարների թե գանձումը, թե դրանց սպասարկումը իրականացվելու է մասնավոր կառույցի կողմից։ Օրինագծում, ճիշտ է, չի մասնավորեցվել, բայց հաշվի առնելով շատ երկրների փորձը, ենթադրում եմ, գանձված գումարները ուղղվելու են ճանապարհների բարելավմանը», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը։
Նրա խոսքով, այս օրինագծով սահմանվում է «վճարովի ճանապարհ» հասկացությունը, որը Հայաստանում սահմանված չի եղել։ Փորձագետը հստակեցրեց, որ հանրային քննարկման դրված նախագիծը վերաբերում է բացառապես բեռնատար մեքենաներին, որոնք ունեն 12 և ավելի տոննա քաշ ունեցող բեռնատարներին։ Ընդհանուր կանոնից կան բացառություններ․ ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցներին սպասարկող, հումանիտար օգնություն տեղափոխող և ռուսական ռազմաբազային սպասարկող տեխնիկան տեղափոխող մեքենաները կամ տեխնիկան ազատվելու են ճանապարհային վճարից։
«Բոլոր այն ճանապարհներում, որտեղով բեռնատարների մեծ հոսք կա, կտեսնեք, որ այդ ճանապարհների «հերն անիծած է», և դրանք կարող են ծանր հետևանքներ առաջացնել մարդատար մեքենաների համար։ Ես չեմ կարող ասել, թե պետություն-մասնավոր հատված հարաբարությունների շրջանակում ինչ կետեր են նախատեսված լինելու պայմանագրով, որ այդ թերությունները արագ վերացվեն, բայց կարող եմ ասել, որ այս նախաձեռնության նպատակը, ըստ նորմալ տրամաբանության, ճանապարհների վրա թերությունները վերացնելն է։ Մասնավորրը պետք է ճանապարհի վրա գումար սահմանի ու այդ գումարներն ուղղի այդ ճանապարհների վերահսկողությանն ու արագ վերանորոգմանը», -ընդգծեց Դավիթ Պեդանյանը։
Դիտարկմանը, թե մի քանի օր հանրային քննարկման դրված այս նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել հանրության շրջանում այն պատճառաբանությամբ, որ մարդատար մեքենաները ևս ստիպված են լինելու ճանապարհի վճար մուծել, Պեդանյանը արձագանքեց․
«Դա ինֆորմացիայի, իրազեկման պակասի արդյունք է, որոշ լրատվամիջոցներ, հավանաբար միտումնավոր, սխալ տեղեկություններ տարածեցին, ինչի արդյունքում նման չհասկացվածություն առաջացավ»։
Նախատեսվում է, որ օրենքում ներկայացված այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից:


