ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թավադյանի կալանքի ժամկետը երկարեցնելու վերաբերյալ խափանման միջոցի քննությունն ավարտվել է, որոշումը՝ ավելի ուշ. պաշտպան

Թավադյանի կալանքի ժամկետը երկարեցնելու վերաբերյալ խափանման միջոցի քննությունն ավարտվել է, որոշումը՝ ավելի ուշ. պաշտպան

Այսօր լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Թավադյանի կալանքի ժամկետը երկարեցնելու վերաբերյալ դատական նիստը. խափանման միջոցի քննությունն ավարտվեց, իսկ որոշումը կհրապարակվի այսօր՝ 7:30:

Նա նշեց, որ նոր բան չի ներկայացվել, միայն մի քանի, նրա խոսքով, արհեստական փաստաթղթեր են ներկայացվել:

«Դրա շրջանակում ցույց տվեցինք մեր որոշումը: Գտնում ենք, որ հիմնավոր կասկած չկա, չկա թաքնվելու կամ խուսափելու որևէ ռիսկ»,-նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ըստ որի` պահանջում էր երկարեցնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը։ Ավելի վաղ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացրել Դատախազություն։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել՝ ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին կալանավորվել է Արմեն Թավադյանը:

  • Կիսվել: