Թաթոյանը ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագծի ընդունման դեպքում կդիմի ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: Այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագծի ընդունման դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը»,- ասաց Թաթոյանը:
Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի ֆինմանսավորման նվազեցման նախագիծը ՄԻՊ-ին կառավարությունից կախման մեջ է պահելու, հետևաբար միջազգային կառույցներ կվերացնեն Հայաստանի ՄԻՊ-ի «A» կարգավիճակը։
Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ միանգամից միջնորդելու է կասեցնել այդ դրույթի գործողությունը, որովհետև կարծում է, որ այն խնդիրներ է առաջացնելու նաև երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար: