ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տարոն Մարգարյանի գործը չի ձգձգվում, առաջիկայում կուղարկվի դատարան. Գլխավոր դատախազ

Տարոն Մարգարյանի գործը չի ձգձգվում, առաջիկայում կուղարկվի դատարան. Գլխավոր դատախազ

Դուք մոտ մեկ ամիս առաջ եկաք ԱԺ, մեր գործընկերներից երկու հոգու անձեռնամխելիությունից զրկվեցին ձեր միջնորդության հիման վրա, և հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ երկար ձգվող նախաքննությունը ըստ էության խոչընդոտում է պատգամավորի գործունեությանը։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Պատգամավորի ելք ու մուտքը արգելվում է, ինչ-որ քննիչ որոշում է՝ այդ պահին հարմա՞ր է իրեն, թե ոչ: Այսինքն ինստիտուցիոնալ առումով ցանկանում եմ, որ դուք արձագանքեք այս հարցին, որևէ քննիչ առաջնային մանդատով օժտված պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու ի՞նչ իրավասություն ունի, որքան էլ որ նա կասկածվում է որևէ հանցանքի մեջ, որքան էլ նա ներգրավված է  որևէ դրվագով: Անկախ ամեն ինչից կա անմեղության կանխավարկած և կա նաև ժողովրդին մանդատի իրացման խնդիր»,-ասաց նա:

Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Եթե որևէ պատվիրակության կազմում անձը իր պարտականությունները կատարելու համար նույնիսկ երկրից դուրս պիտի մեկնի, մենք ստանում ենք Ազգային ժողովի նախագահի կողմից գրություն և դրա հիման վրա թույլ ենք տալիս, որ անձը իր երկրի սահմանով տեղաշարժվելու իրավունքն իրացնի, որովհետև հասկանալի է, որ երկրի ներսում մենք չենք խոչընդոտում իր տեղաշարժը: Այստեղ որևէ բախում չկա։ Ասածս շատ հեշտ է ստուգել, բավարար է նայել օրինակ պատգամավորներից Արմեն Գևորգյանի գործուղումների ժամանակացույցը և իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը, յուրաքանչյուր դեպքում դատախազությունը էլ չի խոչընդոտում։

Այնպես որ, մենք չենք խոչընդոտում, մենք պատշաճ վարքագիծ ենք ապահովում մինչդատական վարույթում և գործը չի ձգձգվում, առաջիկայում կուղարկվի դատարան»:

Թագուհի Թովմասյանն էլ նկատեց. «Ես հասկանում եմ, կա ընտրված խափանման միջոց, բայց այդ խափանման միջոցը վերին աստիճանի ճշմարտություն չէ: Ես Տարոն Մարգարյանի մասին եմ հարցնում, դուք ասում եք Արմեն Գևորգյանը երկար գնացել է տարբեր տեղեր, բա Տարոն Մարգարյանը քանի՞ անգամ է գնացել, չեն բացում սեկտը այդ մարդու, սրա մասին էր: Այսինքն տարբերակված մոտեցո՞ւմ կա իր մասով: Ես ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ վերջ տանք պատգամավորի գործունեության խոչընդոտման ցանկացած դրվագի, այդ թվում քննիչի կողմից։ Ես քննիչի գործողությունները կամ որևէ քննիչի գործողություն վերին աստիճանի ճշմարտություն չեմ համարում, դատարաններում այդքան արդարացումների փաստարկները վկայակոչելով»:

  • Կիսվել: